ԼՈՇՏԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 40 ՏԵՍԱԿԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հայկական տարանուններն են՝ մարդախոտ, մարդածաղիկ, մարդատակ, մարմնատակ, օձի թաղ, օձի թուզ, օձի խաղող, ֆաշարա:
Դեղաբույսի նկարագրությունը. դդմազգիների ընտանիքին պատկանող, 2-4 մետրի հասնող, մագլցող և փաթաթվող ցողուններով բազմամյա խոտաբույս է, հաստ, բողկանման, մսալի արմատով: Տերևները հնգաբլթակ են, հերթադիր, խոր կտրտված կամ ամբողջական, ծաղիկները միասեռ, դեղնականաչավուն, պտուղը` գնդաձև հատապտուղ: Մեր հանրապետությունում հանդիպում են 2 տեսակ` սպիտակը և երկտունը:
Երկու տեսակն էլ թունավոր են և բուժական առումով գրեթե չեն տարբերվում իրարից: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում` հուլիս-օգոստոսին: Աճում է թփուտների արանքում, գետահովիտներում, այգիների ցանկապատերի վրա, անտառի բացատներում, քարացրոններում, աղբուտներում` որպես մոլախոտ: Մագլցող բեղիկներով ամրանում է ծառերին կամ որևէ հենարանի և տալիս փարթամ աճ: Ձմեռում է լավ, վերաճում ինքնացանովի կամ սերմերը թռչունների միջոցով տարածվելու եղանակով: Ցեղի անունը` «բրիերին», հունարեն նշանակում է արագ աճող, քանի որ արմատը գարնանը կարճ ժամանակում տալիս է մագլցող, արագ աճող ընձյուղներ:
Գրականության մեջ որպես գիգանտ նմուշ նկարագրում են մինչև 6 կգ-ի հասնող արմատ, մինչդեռ մենք ունեցել ենք 11,23 կգ քաշով արմատ, որը հանվել է Սևանի ավազանից:
Քիմիական բաղադրությունը: Արմատում հայտնաբերված են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնիցին, բրիոնոլ), խեժ (որն օժտված է ուժեղ լուծող հատկությամբ), ֆիտոստերին, դաբաղանյութեր, կումարիններ, ստերոլ, եթերայուղ, միզանյութ, խնձորաթթվական աղեր, օսլա: Սերմերը պարունակում են ալկալոիդներ, 20-25% չսառչող ճարպայուղ, տերևները` վիտամիններ (C, E, կարոտին):
Բուժական նշանակությունը: Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի արմատը, որը բահով կամ քլունգով հանում են գարնան կամ աշնան ամիսներին, մաքուր լվանում ջրով, կլորաձև կտրատում և շարում թելին, չորացնում քամահարվող հով տեղում` կախված վիճակում: Արմատն ունի դառը համ և թարմ հացի բույր: Լոշտակը որպես դեղաբույս դեռ շատ վաղուց հայտնի է եղել մարդկությանը: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ արմատը փոքր դեղաչափերով օգտագործվել է որպես ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, լուծողական և միզամուղ միջոց:
Ավիցեննայի կողմից լոշտակի արմատի և նվիկի հյութերն իրար խառնած օգտագործվել են կաթիլների ձևով` ականջի բորբոքական պրոցեսների, իսկ խմելու ձևով` բրոնխիալ ասթմայի ժամանակ: Լոշտակը որպես դեղաբույս արմատացած է հայկական ժողովրդական բժշկության մեջ:
Քանի որ բույսի տերևները նման են խաղողի տերևներին, լոշտակը կոչել են նաև «սպիտակ որթատունկ»: Այն օգտագործել են շուրջ 40 տեսակի հիվանդությունների բուժման նպատակով:
Թարմ արմատը կտրում են կլորաձև ու քսում մարմնի ցավոտ մասին, հատկապես կոնքի և ոտքերի մկաններին, նստաներվի և բորբոքված հոդերի հատվածներին:
Կանայք թարմ արմատը քսում են դեմքերին` մաշկին թարմություն տալու նպատակով: Մեծ տարածում է ունեցել բուժման նպատակով արմատի հյութը հանելը, կամ այսպես կոչված` «լոշտակի արցունք խլելը»: Այդ նպատակով բաց են արել արմատի գլխամասը, դանակով թեյի գդալի մեծության փոսիկ արել: Մեկ օրից հետո այդ փոսիկում հավաքվել է «լոշտակի արցունքը»: Հիվանդը ամեն առավոտ խմել է այդ «արցունքը»: Եթե առաջացել է փորլուծություն, ապա խմել են 2-3 օրը մեկ անգամ: Հ.Հ. Սեպետճյանի տվյալներով, չի պարզված, թե այդ «արցունքը» հատկապես որ հիվանդությունների ժամանակ են ընդունել, սակայն մի բան է պարզվել, որ այն ընդունել են բոլոր չպարզված և անբուժելի համարվող հիվանդությունների ժամանակ: Լոշտակի փոշին ստանալու համար հեռացրել են նրա կեղևը և փչացած մասերը, ապա` մանր կտրատելով, լավ չորացրել են արևի տակ ու սուրճի նման մանր աղացել: Փոշին ընդունել են տարբեր բնույթի ուռուցքների ժամանակ: Դեղաբույսից պատրաստել են նաև սպեղանի` վերքերի և չարորակ խոցերի բուժման համար:
Ամիրդովլաթըլ ոշտակի մասին նշել է «Ֆաշարա» կամ «ֆաշարասին» անվան տակ. բժշկապետն այն օգտագործել է կրծքային հիվանդությունների, ընկնավորության, ոսկրային թուլության, հազի, երիկամային մի շարք հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը դաշտանամուղ է և վիժեցնող:
Ամիրդովլաթը նշում է, որ լոշտակն օգնում է անդամալույծին, որ հյութով լվանալով գլուխը` մազերը չեն թափվի, այրելով` ծուխն կօգնի ասթմայով հիվանդին, տերևը կավելացնի կաթը, թզով ընդունելուց` կառաջացնի լուծ, որ բացում է մեզը և դաշտանը, արգանդի մեջ սպանում է պտղին, հյութը քսելով` օգնում է հետանցքի ցավին, քամուկը վերացնում է աղիների նիքը, մաքրում և թարմացնում է մաշկը, վերացնում թարախաբշտիկները, օգնում մատնաշնչին, ձեթով խմելուց` «պեղծ ոսկրն հանե, օգտե օձահարին»: Նոր դուրս եկած ընձյուղները, եթե եփեն և ուտեն, կօգնի միզակապության դեպքում, առաջ կբերի լուծ: Պտուղները, տերևները և արմատն` աղով սպեղան անելով, «օգտե մաշկի պեղծ խոցերուն, մաշկի ոչ բորբոքական ցաներին, կոծիծներին»:
Արմատից պատրաստված սպեղանին օգնում է ոսկրի կոտրվածքին, իսկ արմատահյութը ներքին ընդունման ձևով դրական է ազդում գլխացավերի, փայծաղի ուռուցքների և օձահարության դեպքերում: Արմատահյութը խմելիս լուծում է խուխը, ավելացնում կաթը, իսկ որոշ դեպքերում տալիս նաև փսխում: Ծեծված պտուղներն արտաքին ձևով օգնում են մաշկի խոցերին և էկզեմային:
Հայկական այլ բժշկարաններում լոշտակի մասին նշվում է, որ ծեծած արմատը գլխին քսելով` վերացնում է գլխացավը, իսկ խառնելով մոմի և ձեթի հետ` բուժում է խոցը և կտրած վերքը: Արմատափոշին` վարդաջրի հետ խառնած դեմքին քսելիս, պայծառացնում է մաշկի գույնը: Ուսագոտու ցավերի ժամանակ կանաչ զանգվածը ծեծում են և դնում ցավող մասին: Նույնը եփելով քացախի հետ` օգտագործում են կարմիր քամին բուժելու համար: Ոգեթուրմը իջեցնում է արյան ճնշումը:
Կ. Գաբիկյանի տվյալներով, բույսի արմատը, բացի խոցի և վերքերի սպեղանի լինելուց, բուժում է լնդախտը, քթի հավելյալ միսը, ատամնացավը, երեսի ցանավորումը, արգանդից դուրս բերում մահացած պտուղը, անջատում ընկերքը, կտրում փայծաղի ցավը, վերացնում գլխի թեփը: Պարզված է, որ բույսի գերդոզավորումից առաջ է գալիս փսխում, որովայնի ուժեղ ցավեր, ցնցումներ, անդամալուծություն, երիկամների սուր բորբոքում: Ա.Պ. Պոպովի տվյալներով, արմատահյութը, ներքին ընդունման ձևով, օգտակար է սակավ դաշտանի, պլևրիտների, տարբեր բնույթի արյունահոսությունների և փորկապության ժամանակ, իսկ արտաքին կիրառման ձևով` որպես ցավ հանգստացնող և վարատող, ծեծած արմատն օգտակար է թարախապալարների բուժման, նևրալգիաների, հոդերի այտուցների և գլխի գոնջության ժամանակ: Վարատող հատկությամբ է օժտված նաև թարմ արմատի ոգեթուրմը:
Հոմեոպաթիայում լոշտակը մեծ չափերով օգտագործվում է բրոնխիտների, պլևրիտների, թոքաբորբերի և դիֆթերիայի ժամանակ: Արմատն օֆիցինալ է Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և Վենեսուելայում` որպես լուծողական, միզամուղ և տեղական գրգռիչ միջոց և համարում են որպես հերոիկ բույս: Մեզ մոտ արմատի ոգեթուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի և Լոռի սպիրտի կազմի մեջ, որոնք կիրառվում են պոդագրայի, ռևմատիզմի և նևրալգիաների ժամանակ` որպես վարատող միջոց: Մեր տվյալներով` լոշտակի արմատի եփուկը, ներքին ընդունման ձևով, լավացնում է ախորժակը, բարորակ ներգործում քրոնիկական թերսեկրետոր գաստրիտների ընթացքի վրա` առաջ բերելով ստամոքսի սեկրետոր և շարժիչ ֆունկցիաների դրդում: Արմատափոշին օգտագործել ենք արտաքին, մոնո և պոլիարթրիտների ժամանակ` քսուքային փաթաթումների ձևով: Չնայած բուժման ընթացքում ոմանց մոտ մաշկի վրա առաջ են եկել տեղական գրգռման երևույթներ (քոր, ցանավորում և այլն), սակայն լավացել են հոդային շարժումները, ներծծվել այտուցները, մեղմացել կամ լրիվ վերացել են հոդացավերը: Գիտականորեն պարզված է, որ արմատի պատրաստուկներն օժտված են որոշակի հակաուռուցքային ակտիվությամբ:
Կիրառման եղանակները: Արմատից եփուկ պատրաստելու համար 20 գ կտրատված չոր հումքը եռացնում են 30 րոպե 200 մլ ջրում, քամում և ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ` ուտելուց հետո: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1/2 գդալ արմատափոշին 2 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում և ընդունում 2 օրվա ընթացքում: Ոգեթուրմ պատրաստելու համար 1 մաս արմատափոշին խառնում են 30 մաս 70° սպիրտի հետ` հաճախակի խառնելով, թողնում 2-3 օր, ապա քամում մառլյայով և ընդունում ջրով` 15-20 կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց հետո: Արմատափոշուց քսուք պատրաստելու համար 1 մաս հումքը խառնում են 4 մաս վազելինի կամ կովի կարագի հետ, կամ` 1 թեյի գդալ արմատափոշին խառնում են 100 մլ արևածաղկի յուղի հետ: Մեր եղանակով քսուք պատրաստելու համար վերցնում ենք 20 գ արմատափոշի, խառնում 40 մլ ջրին, այնուհետև` լավ խառնելով, ավելացնում վազելին (40 գ) և լանոլին (20 գ). ստացվում է համասեռ, դեղնադարչնագույն զանգված: Քանի որ դեղաբույսը թունավոր է, խորհուրդ չի տրվում օգտագործել առանց բժշկի նշանակման:
Բույսը նեկտարատու է: Նրանից ստացված եթերայուղն ունի մանրէասպան հատկություն: Պտուղներից ստացվում է կարմիր ներկ: Արմատի ջրիկ մզվածքը ոչնչացնում է միջատներին: Բույսի վերգետնյա մասով թունավորվում են ձիերն ու ոչխարները, պտուղներով` թռչունները, իսկ արմատով` խոզերը: