ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽՆՁՈՐԻ ՏՆԱԿԱՆ ՔԱՑԱԽ

Խնձորի քացախի պատրաստման տեխնոլոգիան պարզ է։
Խնձորի քացախ պատրաստելու մեջ դժվար բան չկա և այն հեշտությամբ կարող եք տանը պատրաստել խնձորներից:
Բաղադրիչներն են՝ 1 կգ խնձոր, 1.25 լ ջուր, 125 գ մեղր (կամ100 գ շաքարավազ
յուրաքանչյուր 1 լ հեղուկի համար), 50 գ տարեկանի հաց
Պատրաստման եղանակը
Խնձորներըը պետք է լինեն հասուն, քաղցր, քանի որ դրանից է կախված պատրաստի քացախի համն ու հոտը: Պտուղներն առանց լվանալու (եթե շատ կեղտոտ են, պետք է լվանալ) մանր կտրատում ենք կամ քերում, լցնում ենք բանկայի մեջ, ավելացնում հացը, լցնում սենյակային ջերմաստիճանի ջրով լուծած մեղր կամ շաքարավազ:
Բոլոր բաղադրիչները լցնելուց հետո բանկայում դեռ պետք է տեղ մնա, քանի որ խմորման ընթացքում զանգվածը բարձրանում է: Բանկան մի քանի տակ ծալված թանզիֆով ծածկում ու կապում ենք: Սա անում ենք նրա համար, որ բանկայի մեջ օդ անցնի: Այն դնում ենք 20-30 աստիճան ջերմություն ունեցող մութ տեղում, քանի որ արևի ճառագայթները խոչընդոտում են խմորմանը:
Հաջորդ 10-14 օրվա ընթացքում օրական 2-3 անգամ խառնում ենք ապագա քացախը, որպեսզի խմորումը հավասարաչափ ընթանա և բորբոս չառաջանա:
10-14 օր անց քացախը քամում ենք, մզում և հեղուկը ֆիլտրում:
Ստացված հեղուկը չափում ենք, ավելացնում մեղր կամ շաքարավազ՝ յուրաքանչյուր լիտրին 100 գրամ հաշվով: Խառնում ենք մինչև լուծվելը, լցնում տարայի մեջ՝ մի քիչ ազատ տեղ թողնելով: 40-60 օրվա ընթացքում պասիվ խմորման փուլն է, և արդեն խառնելու կարիք չկա: Տարան ծածկում ենք մարլյայով դնում մութ տեղում:
Հեղուկը սկսում է խմորվել, սկզբում մակերևույթին փրփուր է առաջանում, հետո անհետանում, իսկ ավելի ուշ նստվածք է գոյանում, և քացախը դառնում է թափանցիկ:
Երբ քացախը թափանցիկ է դառնում, նշանակում է՝ պատրաստ է:
Ոմանք խորհուրդ են տալիս քացախը լցնելն ուրիշ տարայի մեջ և նորից թողնել, որ նստվածք տա: Այս դեպքում քացախն ավելի մաքուր է լինում:
Ցանկալի է քացախը պահել 8-10 աստիճանում:
Խաղողի քացախը նույնպես պատրաստվում է այս եղանակով: