ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է, ՈՐ ԵՐԵՍՆԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ԼՅԱՐԴԻ ԽԱՆԳԱՐՎԱԾ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ, ՈՒՆԻ ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Սովորական երեսնակը (репешок обыкновенный) ժողովրդական բժշկության մեջ

Մոտ 120 սմ բարձրությամբ այս բույսը բազմամյա խոտաբույս է: Տերեւները փետրաձեւ են, ծաղիկները` դեղնավուն, ողջ բույսը պատված է աղվամազով: Ծաղկում է ամռան ամիսներին եւ հիմնականում տարածված է անտառների բացատոտ մասերում ու ճամփեզրերին: Հայաստանում աճում է Իջեւանում, Դիլիջանում, Սեւանում եւ այլուր:

Բույսի վերգետնյա մասը հարուստ է դաբաղող նյութերով, պարունակում է հոտավետ յուղ, տանին, օրգանական թթուներ, սիլիկաթթու, ֆիտոստերիններ, հանքային աղեր, ֆլավոնոիդներ, կումարին, B խմբի վիտամիններ, վիտամին PP եւ K:

Բուժման նպատակով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում եւ խրձերով, կախված վիճակում չորացնում են ստվերի տակ, ծաղկման շրջանում:

Գալենը դեռեւս մ.թ. առաջ 2-րդ դարում դեղաբույսը` այլ բույսերի հետ խառնած` առաջարկում էր «հող կամ կավ ուտող հիվանդներին»: Իսկ ըստ Ամիրդովլաթի` երեսնակն ուներ ջերմություն իջեցնող հատկություն: Օգտագործում են լյարդի, լեղապարկի հիվանդությունների, աֆտոզ ստոմատիտների, կոկորդի բորբոքումների, ձայնալարերի ախտահարման, սալջարդերի, լեղուղիների ու լեղաքարային հիվանդության, մարսողական խանգարումների ու մի շարք մաշկային հիվանդությունների դեպքում: Խորհուրդ է տրվում վատ ախորժակի, տարբեր ծագման փորլուծությունների, թոքաբորբերի եւ թութքի բուժման համար:

Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը հայտնի է որպես տրոֆիկ խոցերը, թարախակալած վերքերը, ջրգողությունը բուժող միջոց:

*Գիտական բժշկության մեջ հիմնավորված է, որ այն կարգավորում է լյարդի խանգարված ֆունկցիաները եւ միաժամանակ ունենում հակաբորբոքային ազդեցություն:

*Երեսնակը հիվանդներին տալիս են՝ զուգակցելով այլ դեղաբույսերի հետ` սրոհունդի, եզան լեզվի, անանուխի, երիցուկի, գետնաբաղեղի, եղեսպակի, մեղրածուծի, խնկեղեգի, հազարտերեւուկի հետ:

Օգտագործում են ջրաթուրմը, նաեւ՝ չոր հումքը: Նշենք, որ երեսնակի ոչ ճիշտ չափաբաժնից հնարավոր է գլխացավերի, նողկանքի զգացման, փսխման, նաեւ՝ ալերգիկ վիճակի առաջացում:

Երեսնակի թուրմի պատրաստման եղանակը. 1 թ. գդ. երեսնակի չոր հումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր եւ 2-3 րոպե եռացնելուց հետո թրմել 3 ժամ ու քամել: Խմել օրը 3 անգամ, բաժակի 1/3 չափով, ուտելուց 15 րոպե առաջ` մարսողության հետ կապված խնդիրների ժամանակ:

որ տերեւները մանրացնել մինչեւ փոշու աստիճան եւ խմել 0.5 գ օրը 4 անգամ ուտելուց 15 րոպե առաջ:

*6 ճ. գդ. երեսնակի խոտից եռացնել 1 լիտր ջրով փակ կափարիչով ամանի մեջ 3 րոպեի չափ: Թրմել 4 ժամ, քամել: Ստացված թուրմը գոլ վիճակում օգտագործել լվացումների, թրջոցների, կոմպրեսների եւ ողողումների համար:

րկար քայլելուց հետո հոգնածության դեպքում կարելի է ոտքերը դնել այդ ջրի մեջ, հոգնածությունն անցնում է:

Խմելու դեպքում հակացուցումը կարող է լինել բույսի հանդեպ անհատական զգայունությունը: