ՄԱՆՈՒՇԱԿԻ ԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՑԻՍՏԻՏ ԲՈՒԺԵԼ

Ըստ արևելյան լեգենդի, մանուշակն առաջացել է Ադամի երախտագիտության արցունքներից, որոնք նա թափել է այն ժամանակ, երբ Գաբրիել հրեշտակից ստացել է Աստծո կողմից ներված լինելու մասին բարի լուրը:
Հին հույները սիրում էին իրենց բնակարաններն ու արձանները զարդարել մանուշակից պատրաստված ծաղկեպսակներով ու ծաղկեփնջերով: Ամեն տարի արդեն երեք տարին լրացած երեխաներին գարնան տոնին օրհնում էին մանուշակներով, որը նշան էր երեխաների` փոքրիկ քաղաքացիներ դառնալու:
Մանուշակով շատ հետաքրքրված էին նաեւ հին հռոմեացիները: Նրանք մանուշակն օգտագործում էին որպես դեղաբույս, ինչպես նաեւ՝ ավելացնում էին գինուն: Գալիացիների մոտ մանուշակը համարվում էր անմեղության, համեստության ու կուսության խորհրդանիշ, եւ այդ պատճառով էլ դրանով զարդարում էին նորահարսի անկողինն ու, Աստված մի արասցե` երիտասարդ աղջկա գերեզմանը:
Մանուշակը շատ օգտակար է նրանց, ովքեր էներգետիկական ուժի պակաս ու կամ հավասարակշռություն պահելու խնդիր ունեն: Այն ընդունված է օգտագործել խոհանոցում, արոմաթերապիայում ու ժողովրդական բժշկության մեջ:
Օգտագործում են մանուշակի շատ տեսակներ: Մանուշակը շատ լավ է անոթներին ու զգայուն մաշկին: Այս բույսի տերևներն ու թերթիկները պարունակում են մեծ քանակությամբ սալիցիլաթթու (ասպիրին): Մանուշակի թուրմն ունի նաեւ թեթև ցավազրկող հատկություն, և դրանով կարելի է ողողել կոկորդն ու բերանը:
Մանուշակի թերթիկներով կարելի է նույնիսկ ցիստիտ բուժել: Ներքին ընդունման հետ կապված` հարկավոր է զգուշություն, քանի որ մանուշակի թուրմի գերդոզավորումը կարող է թունավորում առաջացնել:
Եռագույն մանուշակը կամ անյուտայի աչիկներ դեղաբույսը պարունակում է շատ ալկալոիդներ` վիոլին, ինուլին, սապոլին: Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ այն լայն գործածություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Օրինակ` շատ լավ է ատամի ցավին, ճողվածքի ցավերին, հազին ու էլի շատ տարբեր հիվանդությունների դեպքում:
Մանուշակի թուրմը պատրաստվում է հետևյալ կերպ. 1 ճաշի գդալ չոր հումքը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թրմել 2 ժամ: Հետո այն ընդունել 1 ճաշի գդալից` օրը 3-4 անգամ: Այս թուրմը կարելի է օգտագործել նաեւ թրջոցների ձեւով:
Բացատային մանուշակը ևս վայրի դեղաբույս է: Սրանով պատրաստված թուրմն օգտագործում են հազի, հարբուխի, մրսածության պատճառով առաջացած գլխացավի և այլ շատ հիվանդությունների դեպքում: Այն օժտված է հակաբորբոքային ու ցավազրկող հատկությամբ:
Մեր տատիկները բացատային մանուշակով պատրաստում էին հետևյալ բաղադրատոմսը.
մեկ թեյի գդալ չոր հումքի վրա լցնել եռացրած, բայց սենյակային ջերմաստիճանի հասած 1 բաժակ ջուր ու թողնել փակ անոթի մեջ մի քանի ժամ, հետո ընդունել 2 ճաշի գդալից` օրը 3 անգամ:
Մանուշակի մի տեսակ էլ կա, որ ժողովրդի մեջ ընդունված է անվանել վիոլետկա, սրտիկ և այլն: Այս բույսն օժտված է թուլացնող ազդեցությամբ, ուժեղ միզամուղ է ու ցավազրկող: Վերջինիս ջրաթուրմն ընդունում են հազի, կրծքի մասում ցավերի, մրսածության դեպքում առաջացած ձայնի խզվածության ու բրոնխիտների դեպքում: Մանուշակի այս ձևի չորացրած թերթիկները շատ լավ են վերքերին: Դրա համար անհրաժեշտ է չորացրած կամ թարմ մանուշակի տերեւներից վերցնել 3 գդալ ու վրան լցնել եռացրած ջուր, այնուհետեւ այն տաք վիճակով լցնել թանզիֆի կտորի մեջ, փաթաթել ու դնել ցավացող մասին: Մանուշակի այս տեսակից պատրաստված պրեպարատներն ընդունում են՝ որպես փսխեցնող միջոց:
Որպես կոսմետոլոգիական միջոց` մանուշակի յուղն օգտագործում են մաշկի քորը հանգստացնելու համար, ինչպես նաև այն շատ լավ է մաշկի թարախաբշտիկներին: Նրա նուրբ բույրը հանգստացնում է նյարդերն ու օժտված է հակասթրեսային ազդեցությամբ:
Տնային պայմաններում մանուշակի արոմատիկ յուղով կարելի է պայքարել կատարի, բրոնխիտի ու այլ բորբոքային հիվանդությունների դեմ: Այն ընդունում են նաեւ անեմիայի, արտրիտի, դիաթեզի, անգինայի, Բոտկինի հիվանդության դեպքում: Արոմատիկ յուղը հիմնականում օգտագործում են 3 տարբերակով` հոտ են քաշում հենց սրվակից, մերսման ձեւով քսում են մարմնի ցավոտ մասերին կամ այդ յուղը դնում են սենյակի տարբեր մասերում: