ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԲՈՒԺՈՒՄԸ ԳՏԵԼ ԵՆ


Ճապոնացի գիտնականների խումբը նոր միջոց է հայտնաբերել պայքարելու ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի` տղամարդկային անպտղության տարածված տեսակներից մեկի դեմ, երբ տղամարդու մոտ խախտվում է սպերմատոզոիդների արտադրության և հասունացման գործընթացը:  
Հետազոտողները,  Ացուսի Թանաքայի գլխավորությամբ, միջոց են գտել ամորձիներից հանելու չհասունացած սպերմատոզոիդները, իսկ հետո դրանք օգտագործելու արհեստական բեղմնավորման համար: Հեղինակները տեղեկացրել են, որ նոր տեխնիկան արդեն փորձարկվել է, ինչի արդյունքում 2011-ի սեպտեմբերից 2014-ի դեկտեմբերի ընթացքում 112 երեխա է ծնվել:
Գիտնականները բացատրում են, որ առավել դժվար է ճանաչել կլոր սպերմատիդները` բջիջներ, որ ձևավորվում են սպերմատոզոիդների զարգացման վաղ փուլերից մեկում:  Թանաքան և  իր գործընկերները կարծում են, որ սպերմատիդներ գոյություն ունեն ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տղամարդկանց 30-40 տոկոսի մոտ: Նման բջիջների հայտնաբերումը բարդ գործընթաց է, սակայն այժմ, երբ մեթոդը մշակված է, ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տառապող տղամարդիկ ևս կարող են երեխաներ ունենալ:
Ազոոսպերմիան հանդիպում է տղամարդկանց 1 տոկոսի մոտ, իսկ նրանց 94 տոկոսի մոտ ախտորոշվում է հիվանդության հատկապես ոչ օբստրուկտիվ տեսակը: ԱՀԿ տվյալներով, բոլոր ամուլ տղամարդկանց 10 տոկոսի մոտ հենց այս խնդիրն են հայտնաբերում: Ավելի վաղ համարվում էր, որ ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիան անբուժելի է և  այդ հիվանդությամբ տառապող տղամարդիկ չեն կարող երեխաներ ունենալ, այդ պատճառով նման խնդիր ունեցող զույգերին որպես միակ լուծում առաջարկում էին դոնորական սերմնահեղուկի օգտագործումը: 

Այս հետազոտության մասին հաղորդվում է գիտական  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: