ԳԵՐՉԱԿԻ ՅՈՒՂՆ ՈՒՆԻ ԼՈՒԾՈՂՈԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ՀՂԻՆԵՐԻՆ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՐԳԱՆԴԻ ՄԿԱՆՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ

Գերչակի յուղը պատրաստում են տիզկանեփից (Ricinus communis), նույնն է`գերչակ կամ գենագերչակ։ Գերչակն իշակաթնուկազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է։ Ծաղկում է ամռանը։ Մշակվում է բազմաթիվ երկրներում`սերմերից գերչակի յուղ ստանալու նպատակով։ Հին եգիպտացիները յուղն օգտագործել են կրոնական արարողությունների ժամանակ, պատրաստել են քսուքներ, իմացել են յուղի լուծողական հատկության մասին, աֆրիկայի կանայք պատրաստել են գեղարարական միջոցներ։ Բույսի հայրենիքում գերչակի յուղով նույնիսկ տաք կերակուր են պատրաստել։ Կարևոր է իմանալ, որ բույսի սերմի յուղը պարունակում է արագ ներգործող և խիստ թունավոր նյութ՝ ռիցին, որը ջերմային մշակման ժամանակ հեշտությամբ տրոհվում է։
Ցողունը և տերևները նույնպես խիստ թունավոր են։
Բույսն օգտագործել են որպես դեղաբույս և նաև լուսավորության համար` լամպերի մեջ։
Սերմերը հարուստ են ճարպայուղով (40-55%), որը պարունակում է ստեարինի, օլեինի, լինոլի, նաև այս բույսին բնորոշ ճարպաթթուներ և ալկալոիդ ռիցիզին։
Ժողովրդական դեղատոմսեր
Գերչակի յուղը լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։ Վերացնում է գորտնուկը, պապիլոմաը, պիգմենտային բծերը։ Ունի դրական վերքամոքիչ ազդեցություն նաև ենթամաշկային շերտի վրա։ Խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 10-15 րոպե ներմերսել գերչակի յուղը մաշկի խնդրահարույց հատվածին։
Պիգմենտային բծերի դեպքում գործողությունը պետք է շարունակել առնվազն 1 ամիս։
Թութք. գերչակի յուղը քսեք թանզիֆե անձեռոցիկի վրա և մի քանի տակ ծալեք։ Դրեք թութքի վրա, ծածկեք բարակ` սննդի փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ։ Ներքին թութքի դեպքում օգտագործեք գերչակի դեղապատիճներ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Կնճիռներ աչքերի շուրջը. գերչակի յուղի օգնությամբ կարելի է հարթեցնել և կանխարգելել դրանց առաջացումը։
Մաշկի գույնը լավացնող միջոց. գոլացրած յուղը քսեք դեմքին և պարանոցին։ Երկու ժամ հետո յուղի մնացորդը (եթե այդպիսին կա) մաքրեք բամբակե խծուծով։ Կանոնավոր օգտագործելու դեպքում (ամիսը 1-2 անգամ) մաշկը կդառնա ավելի առաձգական, իսկ դեմքը` արտահայտիչ։
Մազարմատներն ամրացնող միջոց. գերչակի յուղը ներմերսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և կապեք բրդյա լաթով։ 30 րոպեից մազերը լվացեք օճառահեղուկով, մինչև մաշկն ամբողջովին մաքրվի ճարպի հետքերից։ Գերչակի յուղը նպաստում է թարթիչների աճին։ Ոչ մի վատ բան չի լինի, եթե կես կաթիլի չափ յուղ ծորա աչքի մեջ, դա նույնիսկ ինչ-որ չափով կհանգստացնի օրվա ընթացքում հոգնած աչքերը։
Մրսածության դեպքում իրար խառնեք 2 ճ. գդ. տաք գերչակի յուղ և 1 ճ. գդ. բևեկնի (սկիպիդար) լուծույթ։ Գոլ խառնուրդը քսեք կրծավանդակին, փաթաթեք տաք լաթով, պառկեք անկողնու մեջ։
Գերչակի յուղը` որպես լուծողական միջոց. գերչակի յուղը 12-մատնյա աղիում տրոհվում է ենթաստամոքսային գեղձում արտադրվող խմորիչ (ֆերմենտ) լիպազայի ազդեցությամբ։ Արդյունքում առաջացած ռիցինոլի ճարպաթթուն նպաստում է ողջ աղիքային համակարգի շարժողական ֆունկցիայի ուժեղացմանը։
Այս բույսերից պատրաստված լուծողական միջոցներն ազդում են աղեստամոքսային համակարգի որոշակի հատվածների վրա։ Գերչակի յուղը դասվում է թույլ լուծողական միջոցների շարքին, որի ազդեցությունը զգացվում է 4-5 ժամից ոչ շուտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել աղիքային համակարգում բորբոքային ընթացքի, կոլիտների և տենդի դեպքում։ Երկարատև օգտագործման դեպքում յուղն այլևս չի ունենում լուծողական ազդեցություն, նաև կարող է վատանալ ախորժակը։
Զգուշացում. հակացուցված է հղիներին, քանի որ նպաստում է արգանդի մկանների կրճատմանը և կարող է նույնիսկ վիժում առաջացնել։ Կիրառում են մանկաբարձական պրակտիկայում, օգտագործում են նորածնի պորտի և ծննդկանի կրծքապտուկի մշակման համար, քանի որ բուժում է վերքերը և նպաստում է մայրական կաթի ավելացմանը։