ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ, ԵՐԲ ՄԵԿԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԷՐ ՄՅՈՒՍԻ ԴՌԱՆ ՇԵՄԻՆ, ԱՍՈՒՄ ԷԻՆ` ՓՈՐԱՑԱՎ ՈՒՆԻ, ԵԿԵԼ Թ

 

Ստվերոտ անտառում Կյուրոսն ու արքայազն Տիգրանը խարույկի շուրջը նստած խորոված էին ուտում:
Հանկարծ Կյուրոսի փորն սկսեց ցավել:
Չդիմանալով անտանելի ցավերին` նա ընկավ գետնին և սկսեց գալարվել այս ու այն
կողմ: Ոչ ոք չէր կարողանում օգնել արքային: Այդ ժամանակ արքայազնի գլխում մի միտք փայլատակեց: Տիգրանն իր թիկնապահին ուղարկեց մոտակա հայկական գյուղը: Շատ չանցած վերջինս վերադարձավ` հետը բերելով մի մեծ կճուճ մածուն:
Արքայազնը փայտե մի գդալ տվեց Կյուրոսի ձեռքը և առաջարկեց նրան ուտել մածունը: Արքան ախորժակով կերավ այս անծանոթ ուտելիքը: Նրա փորացավն անմիջապես անցավ, նա ժպտաց և ասաց.
- Մազ մնաց, որ շունչս փչեմ: Այս խտացված կաթը փրկեց ինձ: Արքայազն, ասում ես, ի՞նչ է սրա անունը:
- Մածուն, - պատասխանեց Տիգրանը:
- Մինչև հիմա այսպիսի բան չէի կերել: Ասում ես` ինչպե՞ս են պատրաստում սա: -
Կաթից և մի տեսակ խոտից, որ աճում է հայոց լեռներում:
- Հրաշալի բան է այս մածունը: Նա դեղ է: Այ թե հնար լիներ, որ փորը ցավելիս մարդ կարողանար իրեն Հայք գցել: Տիգրան, ասում ես ուրիշ տեղ մածուն պատրաստել չե՞ն կարող:
-Ո՛չ, արքա, չեն կարող:
- Ինչո՞ւ չեն կարող, արքայազն, կաթը մածուցիկ դարձնող այդ խոտը միայն Հայքո՞ւմ է աճում:
-Այո:
- Այդ դեպքում չի՞ կարելի այդ խոտից վերցնել և տանել ու մածուն պատրաստել ուրիշ վայրերում:
Ո՛չ, արքա, չի՛ լինի: Այդ խոտը պիտի կտրես ու գցես կաթի մեջ, մի ժամ հետո նա կորցնում է մածոցիկ դարձնելու իր ուժը:
- Ափսոս:
- Բայց միայն խոտը չէ խանգարողը:
- Ուրիշ էլ ի՞նչ կա:
- Կաթը շաղախվում է հայոց Աստղիկ աստվածուհու ցանկությամբ: Ինքդ էլ գիտես, որ Հայքից դուրս Աստղիկ աստվածուհու ոչ մի ցանկություն չի կարող կատարվել, հետևապես չի պատրաստվի նաև մածունը:
- Հիմա բոլոր հայ շինականնե՞րն են մածուն պատրաստում:
- Այո, Կյուրոս: Ով կով, ոչխար կամ այծ ունի` նա կարող է մածուն պատրաստել:
- Պետք է այնպես անել, որ մածուն պատրաստեն նաև ուրիշ կողմերում, թե չէ բոլոր ազգերի շինականները տուն ու տեղ թողած ճամփա կնկնեն դեպի Հայք, որպեսզի իրենք էլ ճաշակեն հայկական մածունը, - ասաց Կյուրոսը և նենգորեն ժպտաց:
Լսելով այդ խոսքերը արքայազն Տիգրանի մարմնով մի դող անցավ: Այ քեզ բան, հայրն ասում է, թե այս մածունը մի մեծ գանձ է Հայքի համար, Կյուրոսն էլ հավաստում է, թե մածունի պատճառով ամբողջ Հայքը կարող է ոտքի կոխան դառնալ և աշխարհը կդատարկվի ու կթափվի Հայք: Տիգրանը Կյուրոսին չասաց, որ մածուն են պատրաստում նաև մածունից, որ այժմ քչերն են մածուցիկ խոտ օգտագործում, որ
կաթը մածուցիկ է դարձնում մերանը, որ վերցնում են նախորդ օրվա մածունից: Բայց մի՞թե միայն մերանը բավական է ուրիշ կողմերում մածուն ստանալու համար: Ասում են, թե Աստղիկ աստվածուհու ցանկությունը չլինի, կաթը կշաղվի և ոչ մի մածուն էլ չի
դառնա:
Մածունի համն, այնուամենայնիվ, մնաց Կյուրոսի բերանում: Տարվա մեջ մեկ-երկու անգամ նա ժամադրվում էր արքայազն Տիգրանի հետ, գալիս Հայքի եզրամերձ գյուղերից մեկը և հայկական մածուն ճաշակում: Ամեն անգամ Հայք մտնելիս նա պատճառաբանում էր, թե փորը ցավում է: Եվ հենց որ մածունն ուտում ու վերջացնում էր` հայտնում էր, թե փորի ցավն անցավ: Այդ ժամանակներից սկսած, երբ մեկը անսպասելիորեն հայտնվում էր մյուսի դռան շեմին, ասում էին` փորացավ ունի:
Հետագայում հայերը պահեցին այդ իմաստուն խոսքը, բայց մոռացան, որ այն կապված է Կյուրոսի և հայկական մածունի հետ:
Երվանդ արքան, լսելով տղայի զեկույցն այն մասին, թե որ օրն են Կյուրոսի հետ մածուն կերել և, թե ուտելուց հետո քանի ակնթարթ է տևել մինչև անցել է Կյուրոսի փորի ցավը, ասում էր.
-Նա ուրիշ փորացավ ունի, տղաս: