ԳԱՐԵՋՐԻ ՄԵՋ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՄԻՍՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գարեջրով մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը:

 Հետազոտությունները ցույց են տվել, որ երբեմն գրիլի միսը պատրաստելուց հետո կարող է պարունակել քաղցկեղածին նյութեր: Ոմանք կարող են հակաճառել, որ գրիլի միսը հիանալի բույր ունի: Սակայն այդ բույրն առաջանում է մոլեկուլների ձեւափոխման հաշվին՝ այսպես կոչված պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ), որոնք վնասում են ԴՆԹ-ն՝ այդպիսով բարձրացնելով հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու շանսերը:

 Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները հուշում են խնդրի լուծումը. պարզվում է, որ խորովելուց  առաջ պետք է մսին գարեջուր ավելացնել:

 Հետազոտողները համարում են, որ խորովելուց կամ տապակելուց  առաջ մսին հակաօքսիդանտներ ավելացնելով կարելի է արգելակել ՊԱԱ-ի և  ազատ ռադիկալների առաջացումը բարձր ջերմաստիճանի պայմաններում: Գարեջուրը հարուստ է հակաօքսիդանտներով՝ մելանոիդինների տեսքով, որոնք առաջանում են գարու տաքացումից:

 Այլ հետազոտություններն առաջարկում են ավելացնել բանջարեղեն եւ կանաչի, քաղցկեղածին նյութերի ձեւավորումը քչացնելու համար: Գիտնականները հայտնաբերել են, որ միսը գարեջրի, գինու եւ թեյի մեջ մարինացնելով կարելի է տապակման ժամանակ կրճատել պոտենցիալ քաղցկեղածին նյութերի մակարդակը: Եվ ինչքան ավելի մուգ է գարեջուրը, այնքան ավելի լավ է մարինացման համար: