ՍՏԱՄՈՔՍԱԱՂԻՔԱՅԻՆ ՏՐԱԿՏԸ ԲՈՒԺԵՔ ՂԱՆՁԻԼՈՎ

 Բուժման նպատակով կիրառվում է ղանձիլի ամբողջ վերգետնյա մասը`   սոխարմատի հետ միասին: Այն հավաքում են մայիսի կեսերից, երբ դեղաբույսը սկսում է կոկոնակալվել: Հումքը չորացնում են ստվերում`   միջանցիկ քամու տակ:

Հին Հռոմում ղանձիլը համարվել է ստամոքսաաղիքային տրակտը մաքրող միջոց: Ներկայումս էլ ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է «արյունը մաքրող» միջոց և օգտագործվում է մաշկային մի շարք ախտահարումների և գեղձային որքինի դեպքում:

 Տերևների ջրաթուրմն առաջարկվում է ջերմերի, լնդախտի և ցրտառական մի շարք հիվանդությունների ժամանակ:

Հում վիճակում ուտում են աթերոսկլերոզի և ճիճվակրության դեպքերում:

Ոգեթուրմը քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին:

Ըմպում հազի, ստամոքսի և աղիների բորբոքումների դեպքում:

 Միջին ականջի թարախային բորբոքումների դեպքում թարմ բուսահյութը կաթեցնում են ականջի մեջ: Կովկասում դեղաբույսն օգտագործում են աղիների ինֆեկցիոն ախտահարումների բուժման ընթացքում:

 Հայկական ժողովրդական բժշկության մեջ ղանձիլն օգտագործում  են հիմնականում ախորժակը լավացնելու, օրգանիզմը կազդուրելու և ուժերը վերականգնելու նպատակով:

 Բուլղարիայում ղանձիլը օգտագործվում է մարսողական տրակտի սուր և քրոնիկ խանգարումների, հատկապես՝ լուծի, վատ ախորժակի, աղիների ինֆեկցիոն ախտահարումների դեպքում, նաև աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության (հատկապես գլխապտույտով և անքնությամբ ընթացող) բուժման նպատակով:

Հոմեոպաթները ղանձիլն օգտագործում են որպես միզամուղ, ստիմուլող, հակաջերմային և հականեխիչ միջոց:

Փորձնական պայմաններում հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ ֆիտոնցիդային, մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ներգործող հատկությունները:

Թարմ հյութը,  1/200-ի նոսրացումով, կործանարար է ներգործում ոսկեգույն ստաֆիլակոկի և աղիքային ցուպիկի վրա, միաժամանակ առաջ բերելով արյան անոթների որոշակի նեղացում: Հիմնավորված է, որ ղանձիլը ֆիտոնցիդային ակտիվությամբ զգալի չափով գերազանցում է սխտորին:

Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են որպես հակալնդախտային և հակասկլերոտիկ միջոց: Նրանից ստացվել են ուրսալ և ուրսալին դեղամիջոցները: Ուրսալը բույսի սոխարմատի և արմատների եթերային մզվածքն է, քիչ պղտոր, դեղնականաչավուն տեսքով, սխտորի բնորոշ հոտով. օգտագործում են  տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար`  հեշտոցային տամպոնների ձևով: Ուրսալինը բույսից ստացվող եթերայուղն է, այն մուգ դեղնավուն, յուղային հեղուկ է և օգտագործում են թարախային վերքերի, տրոֆիկ խոցերի և պառկելախոցերի բուժման համար: Պատրաստուկը բաց է թողնվում դեղատներում 0.3%-անոց վազելինային քսուքի ձևով:

Ղանձիլի թարմ հյութը,  1/50-ի ջրային նոսրացումով, ինհալացիայի ձևով օգտագործել են վերին շնչուղիների սուր բորբոքումների, տրախեիտների և բրոնխիտների դեպքում:Հիվանդների մի մասը (ստուգիչ խումբ) ստացել է միայն հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, իսկ մյուս մասը, բացի այդ դեղամիջոցներից, նաև բուսահյութի ինհալացիան: Վերջինս ընդունվել է ամեն օր, 2-3 անգամ, 10 րոպե տևողությամբ, ընդամենը 1 շաբաթ: Նշենք, որ դեղաբույսի արտահայտված հակաբորբոքիչ, մանրէասպան հատկությունների շնորհիվ, հիվանդների մոտ, ստուգիչ խմբի հետ համեմատած, ավելի շուտ է վերացել հազը, քթային լորձահոսությունը, գլխացավը, հեշտացել է խուխարտադրությունը, նվազել ջերմությունը, նորմալացել արյան պատկերը: Եթե ստուգիչ խմբի հիվանդների բուժման միջին տևողությունը կազմել է 11 օր, ապա այս խմբի հիվանդներինը եղել է ընդամենը 7 օր: Ղանձիլը պահածոացված վիճակում օգտագործել են նաև ընտելացված փորկապությամբ տառապող հիվանդներին բուժելու համար: Հիվանդներն օրվա ընթացքում այն ընդունել են 100-200 գ չափով, 1 շաբաթ տևողությամբ, սովորական սննդի պայմաններում: 13 հիվանդներից 8-ի մոտ նկատվել է լավ արդյունք. սկսել են կանոնավոր գործել աղիները, մեղմացել կամ վերացել են քրոնիկական փորկապության հետ կապված մի շարք հիվանդագին երևույթներ (փորի բքնածությունը, ցավերը, ապատիկ վիճակը, գլխացավերը, շուտ հոգնածությունը և այլն):

 Կիրառման եղանակները

Ջրաթուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ չոր հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռացրած ջրում, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ:

Ոգեթուրմ պատրաստելու համար չոր հումքը, 1/10-ի հարաբերությամբ, խառնել 60° սպիրտի հետ, թրմել 1 շաբաթ, ապա ընդունել 30-ական կաթիլ`   օրական 3 անգամ:

Բուսահյութ ստանալու համար դալար հումքը անցկացնում են մսաղացով, ապա քամում թանզիֆով: Սառնարանում պահելիս պիտանի է օգտագործման համար շուրջ 3 ամիս:

 Ուրսալը և ուրսալինը բաց են թողնվում դեղատներում`   պատրաստի վիճակում:

 Այլ օգտակար հատկանիշներ

 Ղանձիլը բնակչության լայն խավերին հանրածանոթ ուտելի բույս է. ուտում են սոխարմատը, տերևներն ու ցողունը`   հում, եփած, թթու դրված և մարինադի ձևով: Վաղ գարնան ամիսներին բույսը կարող է ծառայել որպես վիտամինային աղբյուր, իսկ որպես համեմունք ավելացվում է մսով ճաշերին:

Անգլիայում թթու ղանձիլը համարվում է արտահանման մեծ պահանջարկի մթերք: Սիբիրում նրանից պատրաստում են շչի, թխում՝  կարկանդակ: Շնորհիվ ֆիտոնցիդների՝ ղանձիլը կանխում է մսի նեխումը, ոչնչացնում կարտոֆիլի, եգիպտացորենի և խաղողի որոշ հիվանդությունների հարուցիչներին: Միաժամանակ այդ ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը: