ՄԱՍՈՒՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԻ ԵՓՈՒԿՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԻԶԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՄԱՆ, ՌԵՒՄԱՏԻԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ, ՆՈՐԱՑՆՈՒՄ ՄԿԱՆԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԸ

 

Մասուրը վիտամինների բնական շտեմարան է: Ձմռանը, երբ մարդիկ հատկապես ավելի շատ են զգում վիտամինների պակաս, շուտ են հոգնում, հաճախ են հիվանդանում, եւ այդ ժամանակ մասուրը ուղղակի դառնում է անփոխարինելի բուժման միջոց: Հասած մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սեւ հաղարջի, եւ 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ:

Բացի դրանից, մասուրը պարունակում է նաեւ B1, B2, P, K եւ կարոտին: Այդ պատճառով մասուրից պատրաստված թուրմերը, եփուկները օգտագործում են որպես կանխարգելող եւ բուժող միջոցներ ավիտամինոզի եւ հիպերվիտամինոզի դեմ:

Մասուրն ունի նաեւ լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային հատկություններ, լավացնում է հորմոնների սինթեզը, ֆերմենտների ակտիվությունը, նորացնում մկանային հյուսվածքները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Մասուրն օգտագործում են նաեւ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում:

Մասուրի արմատների եփուկն օգնում է միզապարկի բորբոքման, ռեւմատիզմի դեպքում:

Մասուրի սերմերի յուղն օգնում է վերքերի, քերծվածքների, մաշկի վնասվածքների դեպքում:

Ուշադրությո՜ւն. մասուրը հակացուցված է տրոմբոզների, տրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի եւ արյան վատ շրջանառության դեպքում:

Անեմիայի` սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաեւ օրը 2-3 անգամ խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ:

Սրտխառնոցի, փսխման դեպքում օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաեւ թեյ սարքել, թրմել 15-20 րոպե, եւ օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ:

Լյարդի բորբոքման եւ քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները. 20 գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր, 12 ժամ թրմել թերմոսի մեջ, քամել եւ օրը երեք անգամ խմել 0.5-ական բաժակ:

Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թրմել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ` կեսական բաժակ:

Հոդային ռեւմատիզմի բուժման համար 1.5 բաժակ մասուրի արմատները թրմել 1.5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրը խմել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, հետագա օրերին`
2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաեւ հոդերում աղերի կուտակման դեպքում: