ԳԵՏՆԱՆՈՒՇԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՐԹՐՈԶ, ԱՐԹՐԻՏ, ՀՈԴԱՏԱՊ, ԼՅԱՐԴԻ, ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ

 

Օգտակար տարրերով հարուստ բաղադրության շնորհիվ գետնանուշը օգնում է վերականգնել բջիջները, ամրացնել իմունային համակարգը, բարձրացնում է արդյունավետությունը, ամրացնում արյան անոթները, կանխում է սթրեսի բացասական հետևանքները։ Գիտնականները պարզել են, որ այն նաև օգնում է օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների դեմ:

Սննդաբան Օլգա Ռուստամովան հայտնել է, թե ինչպես է գետնանուշն ազդում մեր օրգանիզմի վրա։ Նա շեշտել է, որ գետնանուշը համարվում է սննդարար լոբազգի, այլ ոչ թե ընկուզեղեն, ինչպես ընդունված է համարել։

Մասնագետը հայտնել է, որ սահմանափակ քանակությամբ օգտագործելու դեպքում գետնանուշը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Այն հարուստ է սպիտակուցներով, բջջանյութով, մագնեզիումով և այլ օգտակար հանքանյութերով, որոնք այդքան անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։ Գետնանուշը լիովին զերծ է տրանսճարպերից, որոնք բացասաբար են անդրադառնում սրտի աշխատանքի վրա։

Սննդաբանը հայտնել է, որ օրական մինչև 20 գետնանուշ ուտելը դրական է ազդում առողջության վրա։ Նա հավելել է, որ գետնանուշը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտանոթային համակարգի վրա, իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում խոլեսթերինի մակարդակը։

Օլգա Ռուստամովան հայտնել է նաև, որ այս լոբազգու կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով և բնական միացություններով, որոնք պաշտպանում են բջիջները աղտոտված օդում կամ ծխում առկա օքսիդանտներից:

-Գետնանուշը հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է անքնությունը, դրական է ազդում աղիքների վրա, օգնում է մկանների ձևավորմանը և վերականգնում է օրգանիզմը երկարատև հիվանդություններից հետո, – նշել է Օլգա Ռուստամովան։

Գետնանուշը պարունակում է նաև ռեսվերատրոլ (ֆենոլային միացություն, որն առկա է կարմիր գինու մեջ): Ռեսվերատրոլը դրական է ազդում սիրտ-անոթային հիվանդությունների վրա։ Այնուամենայնիվ, պարտադիր չէ կարմիր գինի խմել այն ստանալու համար, երբ կարելի է ուտել մի բուռ գետնանուշ։

Սննդաբանը նշել է նաև, որ գետնանուշի կարագը, չնայած պարունակում է հագեցած ճարպեր և նատրիում, սակայն չափավոր օգտագործման դեպքում կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Բացի այդ, գետնանուշի կարագը պարունակում է նաև բջջանյութ և կալիում: Կալիումը օգնում է հակազդել նատրիումի վնասակար ազդեցությանը: Այնուամենայնիվ, հարկավոր է նկատի առնել, որ գետնանուշի կարագի մեկ չափաբաժինն ընդամենը 2 ճ. գդ. է, այլ ոչ թե ամբողջ տարան:

Կարևոր է հիշել, որ գետնանուշը ալերգեն է, ուստի այն սննդակարգում ներառելիս հարկավոր է զոգւյշ լինել։

-Գետնանուշը հակացուցված է արթրոզ, արթրիտ, հոդատապ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի խանգարումներ ունեցողներ մարդկանց»,- ասել է սննդաբանը։

Գետնանուշը բարձր կալորիականությամբ մթերք է, ուստի չպետք է այն չարաշահել:

Գետնանուշ կարելի է ուտել նաև դրա հակաօքսիդիչ հատկանիշների համար, որոնք կարող են նվազեցնել քաղցկեղի և սրտային հիվանդությունների առաջացումը: