ՕՃԱՌԱԽՈՏԸ ՍՏԱՄՈՔՍԱԱՂԻՔԱՅԻՆ ՏՐԱԿՏԻ, ԵՐԻԿԱՄՆԵՐԻ, ՓԱՅԾԱՂԻ, ԼՅԱՐԴԻ, ՄԱՇԿԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Հայկական տարանուններն են՝ աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճառախոտ: (МЫЛЬНЯНКА ЛЕКАРСТВЕННАЯ - SAPONARIA OFFICINALIS L.)

Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես գիշերվա ժամերին), վարդագույն կամ սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերում: Ամբողջ բույսը մերկ է կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում` հուլիս-օգոստոսին: Մեզ մոտ աճում է 5 տեսակ, ցանքերում, խոտհարքներում, բացատներում, տնամերձ հողամասերում, հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:

 «Սապոնարիան» լատիներեն «սապո» բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ:

Քիմիական բաղադրությունը

Բույսի արմատներում և կոճղարմատում հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային սապոնիններ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոբիոզան և սապոնարոզան, այնուհետև` խիստ այրող համով սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինաթթու, լորձ, C վիտամին, որը ճեղքվելով վեր է ածվում գլյուկոզայի և վիտեքսինի:

 Բուժական նշանակությունը

 Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են օճառախոտի արմատները (կոճղարմատը), որոնք հանում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի ժամկետով:

 Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետպահումների դեպքում: Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը` քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:

 Չինական բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ: Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկն օգտագործում են որպես խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փքահան և «արյունը մաքրող» միջոց:

Օճառախոտն կիրառում են լյարդի, երիկամների և փայծաղի հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պոդագրայի, համառ հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիաների, լարինգիտների, քիթ-ըմպանային ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծքային հեղձուկի նոպաների, մաշկացանով ուղեկցվող նյութափոխանակության խանգարումների և վեներական հիվանդությունների դեպքում: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործում են էկզեմայի, թեփոտվող որքինի, ֆուրունկուլի, թարախային խոցերի, քոսի, մաշկային համառ ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների և տերևների եփուկը կիրառում են կոմպրեսների և լոգանքների ձևով:

Դեղաբույսի երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման դեպքում` մաշկի գրգռվածություն:

Ատամնացավի դեպքում բույսի արմատը ծամում են և հպում ցավոտ մասին:

Եփուկով ողողում են կոկորդը` անգինայի և թրջոցալաթ դնում քթի մեջ` հարբուխի դեպքում:

 Դեղաբույսի արմատներն ու կոճղարմատն օֆիցինալ են Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում:

Ֆարմակոլոգիորեն հիմնավորվել է, որ սապոտոքսինը համարվում է հեմոլիտիկ թույն:

Օճառախոտով կենդանիների թունավորման դեպքերում առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, ցնցումներ, ծանր դեպքերում` շնչական կենտրոնի կաթված և մահ:

 Դեղաբույսն անասնաբուժության մեջ կիրառվում են աղիների հիվանդությունների և ճիճվակրության դեպքում, ունի արտահայտված մանրէասպան և միջատասպան հատկություններ:

 Մենք օճառախոտի արմատների եփուկն օգտագործել ենք սուր և քրոնիկ, ոչ քարային բնույթի խոլեցիստիտների դեպքում: Բացահայտվել է դեղաբույսի սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և ցավերը հանգստացնող հատկությունները:

Եթե լեղուղիների սպաստիկ սեղմումների հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների 32%-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7-10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր բաժինները: Բուժման շնորհիվ մեղմացել կամ լրիվ վերացել են հիվանդների աջ թուլակողի հատվածի ցավերը, պակասել է մաշկի, սկլերաների և փափուկ քիմքի ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք դիսպեպտիկ երևույթներ: Հետագայում դեղաբույսի պարբերաբար օգտագործումը կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը:

 Կիրառման եղանակները

 Արմատներից թուրմ պատրաստելու համար 1-2 թեյի գդալ մանրացրած հումքը 8 ժամ թրմել 1 բաժակ եռացրած կամ սառը ջրում, ապա ըմպել 1/4 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 6-10 գ հումքը 8 ժամ թրմել 1 բաժակ եռացրած ջրում, քամել ու ըմպել 1-ական ճ. գդ.` օրական 4-6 անգամ:

 Եփուկ պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եփել 200 մլ ջրում (լավ է ջրաբաղնիքում), ըստ համի ավելացնել օշարակ, հովացնել և ըմպել 1-ական ճ. գդ.` օրական 3 անգամ: Կամ` 50 գ հումքը 1 լ ջրում եփել 10-15 րոպե, հովացնել, քամել եւ ըմպել օրական 3-4 բաժակ` ստամոքսաաղիքային տրակտի, երիկամների, փայծաղի, լյարդի և մաշկային մի շարք բորբոքական բնույթի հիվանդությունների դեպքում: Կամ` 2 թեյի գդալ հումքը 200 մլ ջրում 15 րոպե եռացնելուց հետո հովացնում, քամում են ու որպես խուխամուղ ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց հետո: Այս եփուկի ներգործությունն ավելի ուժեղացնելու համար ավելացնում են 5 գ հացի սոդա:

Մ.Ա. Նոսալը փայծաղի հիվանդությունների դեպքում առաջարկել է վերցնել 20-ական գ օճառախոտի արմատ և ուռենու կեղև, 15 րոպե եռացնել 1 լ եռման ջրում, ապա ըմպել օրվա մեջ 3 բաժակ:

 Փորկապությունների դեպքում վերցնել 25-ական գ օճառախոտի և խատուտիկի արմատներ և երիցուկի ծաղիկներ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմել 0.5 լ ջրում, ապա եռացնել ու օգտագործել միկրոհոգնայի ձևով:

Որպես հակառևմատիկ միջոց վերցնել 25-ական գ օճառախոտի և եզնարգելի արմատներ, դառնանուշ, մորմի ընձյուղներ և ուռենու կեղև: Այս խառնուրդից 3 ճ. գդ. 10 րոպե թրմում են 0.5 լ եռացրած ջրում, հետո եռացնել ու քամել, ըմպել գոլ վիճակում, 1-ական բաժակ` օրվա մեջ 5-6 անգամ:

Օճառախոտն` այլ դեղաբույսերի հետ խառնված, օգտագործում են էքսուդատիվ դիաթեզների և բազեդովյան հիվանդության դեպքում:

 Այլ օգտակար հատկանիշներ

Շնորհիվ մեծ քանակության սապոնինների, օճառախոտի արմատներն ունեն լավ փրփրող հատկություն. օգտագործում են հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և գարեջրի արտադրությունում:

Օճառախոտն օգտագործում է նաև կրակմարիչների մեջ, նուրբ հագուստեղենը լվանալու համար և այլն:

Բույսն ուտում են միայն ոչխարները: Այն դեկորատիվ է, օգտագործում են ծաղկաթմբերը ձևավորելու համար: