ՍԻԶԱԽՈՏԸ (ПЫРЕЙ) ԽՈՐԽԱԲԵՐ ԵՎ ՄԻԶԱՄՈւՂ Է

 

Այս բույսի բարձրությունը հասնում է 50-125 սմ-ի: Սիզախոտը ծաղկում է ամռան սկզբից մինչեւ վերջ: Իսկ ընդհանրապես այն աճում է եւ շոգ, եւ ցուրտ պայմաններում: Սիզախոտը կարող է ապրել այն բոլոր պայմաններում, որտեղ մահանում են մյուս բույսերը: Պետք է ասել, որ սիզախոտը համարվում է մոլախոտ, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող օգտակար հատկանիշներ ունենալ: Որպես դեղաբույս, այն լայն գործածություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Սիզախոտի արմատների թուրմը օգտագործվում է որպես խորխաբեր ու միզամուղ: Այն նաեւ շատ լավ օգնում է սրտային անբավարարության հետեւանքով առաջացած այտուցների, ռեւմատիզմի եւ պոդագրայի դեպքում: Թարմ տերեւներից պատրաստված հյութը դրական ազդեցություն կարող է ունենալ բրոնխիտի, օստեոխոնդրոզի եւ ֆուրունկուլյոզի ժամանակ: Սիզախոտի ջրաթուրմով լոգանքը շատ լավ է թութքին, ռախիտին եւ դիաթեզին: Սիզախոտը շատ լավ պայքարում է աղերի կուտակման դեմ: Դրա համար անհրաժեշտ է 2 գդալ սիզախոտի արմատը լցնել 1 բաժակ սառը ջրի մեջ ու եռացնել 10 րոպե ջրային գոլորշու վրա, թրմել 1 ժամ, որից հետո քամել եւ խմել օրը 3-4 անգամ` 1-2 գդալ: Թարմ տերեւների հյութը շատ լավ է մրսածության ու վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում:

Բուլղարական բժշկության մեջ սիզախոտից պատրաստված պրեպարատները օգտագործվում են ռեւմատիզմի եւ ցիստիտի ժամանակ: Նման դեպքերում թուրմը կամ եփուկը խմում են կես բաժակից, օրը 3 անգամ: Իսկ գերմանական բժշկության մեջ սիզախոտը հանդիսանում է լավ արյուն մաքրող միջոց:

Առատ դաշտանային ցիկլը կարգավորելու համար կամ արգանդային արյունահոսությունների դեպքում օգտագործում են սիզախոտի հյութ` կես բաժակից, օրը 3 անգամ: Այն օգնում է նաեւ լեղաքարային հիվանդությունների դեպքում: Հաստ աղիի հիվանդության ժամանակ խորհուրդ է տրվում կատարել միկրոհոգնաներ սիզախոտի թուրմով ամեն օր 50մլ-ից` 10-15 օր տեւողությամբ: Իսկ Ավիցենան իր բուժական գիտության մասին կանոններում գրում է, որ սիզախոտը շատ լավ օգնում է թարմ վերքերի ժամանակ, եթե այն պարզապես դնենք վերքի վրա: Հատկապես օգտակար է արմատը: Աչքի համար շատ լավ դեղամիջոց է սիզախոտի հյութը՝ մեղրով կամ գինով եփած: Նրա սերմերն ու արմատները շատ լավ միջոց են սրտխառնոցի դեմ:

Սիզախոտն օգտագործվում նաեւ խոհանոցում: Դրանով կարելի է պատրաստել շատ համեղ աղցան: 60գ սիզախոտը, 3 ճաշի գդալ մայոնեզը, 1 ճաշի գդալ քերած նեխուրը, 1 թեյի գդալ մեղրը եւ 2 ճաշի գդալ ջուրը խառնել, ստացվում է շատ համեղ աղցան:

Շատ համեղ ուտեստ է սիզախոտի տապակած արմատները: