ԿՐՈՒՆԿՆԵՐԻ ՃԱՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՏԱՐԲԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԻՑ

*Կրունկների ճաքերը մաշկի գծային ճեղքեր են, որոնք առաջանում են առաձգականության կորստի և նրա առանձին հատվածների խտացման պատճառով:
* Մարդկանց մեծամասնության համար դրանք միայն արտաքին տեսքի հետ կապված խնդիր են: Սակայն որոշ դեպքերում դրանք կարող են զգալի անհանգստություն պատճառել՝ լինել ցավոտ, հանգեցնել արյունահոսության, առաջացնել վարակվելու վտանգ։
* Ամենից հաճախ ճաքեր են առաջանում մաշկի բնական ծալքերի ձգվող տեղերում և կարող են լինել տարբեր խորության։
Կրունկների ճաքը կարող է լինել նաև տարբեր հիվանդությունների ախտանիշներից մեկը։
*Կրունկների ճաքերը կարող են կապված լինել նաև ոտքի մաշկի վրա տեղական ֆիզիկական ազդեցության հետ՝ արևի, քամու և ցրտի ազդեցություն, ջերմաստիճանի փոփոխություն, քլորացված ջուր, չոր օդ, վատ հիգիենա, չափից ավելի խնամք, ալկալային օճառի օգտագործում, ոչ ճիշտ ընտրված կոշիկներ:
Կրունկների մաշկի վրա ազդող ընդհանուր վիճակներից են՝ ծխելը և ալկոհոլի չարաշահումը, ծոմ պահելը, անհավասարակշիռ դիետան, քիչ քանակությամբ հեղուկի ընդունումը, բնածին մաշկի առանձնահատկությունները (չորություն, զգայունություն), հղիություն, դաշտանադադար:
*Կրունկներում ճաքերի առաջացում հրահրող պաթոլոգիաները ներառում են նաև սնկային վարակներ, մաշկաբանական հիվանդություններ (փսորիազ, իխտիոզ), աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, հելմինտիազներ, վիտամինների և միկրոէլեմենտների անբավարարություն (երկաթի դեֆիցիտի անեմիա, հիպովիտամինոզ), հորմոնալ խանգարումներ (վահանաձև գեղձի հիվանդություն, շաքարային դիաբետ), ինչպես նաև հիվանդություններ, որոնք հանգեցնում են ստորին վերջույթների սնուցման խախտման (իններվացիայի և արյան մատակարարման խանգարում):
*Վահանաձև գեղձի հորմոնների անբավարար մակարդակը (հիպոթիրեոզ) հանգեցնում է օրգանիզմի նյութափոխանակության, հյուսվածքների արյան մատակարարման, քրտինքի և ճարպագեղձերի աշխատանքի նվազման։ Ոտքերի չոր և կոպիտ մաշկը դառնում է հակված ավելորդ կերատինացման և ճաքերի։
*Փսորիազը քրոնիկ համակարգային հիվանդություն է, որն ազդում է մաշկի, եղունգների և հոդերի վրա: Բնութագրվում է մաշկից վեր բարձրացող թեփուկներով (փսիորիատիկ սալիկներ) կարմիր բծերի առաջացմամբ, որոնք հակված են մեծանալու, միաձուլվելու, խտանալու։ Ոտքերի հաստ ու կոշտ մաշկը քոր ու ճաք է տալիս։ Քանի որ ոտքերի փսորիազը կապված է ցանի տարրերը տրավմատացնելու բարձր ռիսկի հետ, դրանք հաճախ վարակվում են:
*Շաքարային դիաբետը քրոնիկ էնդոկրին հիվանդություն է, որը հիմնված է ինսուլինի անբավարարության և արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի պատճառով նյութափոխանակության խանգարման վրա: Հիվանդության երկարատև ընթացքը հանգեցնում է նյարդերի և արյան անոթների վնասմանը` նյարդայնացման և հյուսվածքների արյան մատակարարման խանգարումով: Ոտնաթաթի ոչ պատշաճ խնամքի դեպքում դրանց մակերեսին առաջանում են խոցեր և ճաքեր, իսկ շաքարային դիաբետով հիվանդների ապաքինումը ավելի երկար է տևում:
Կրունկների մաշկի թեփոտվածության ու ճաքերի հիմնական պատճառներից մեկն օրգանիզմում յոդի պակասն է։ Յոդի պակաս հիմնականում ունենում են ծովից հեռու ապրող մարդիկ։
Կրունկների մաշկը, սովորաբար, բավարար թթվածին չի ստանում, իսկ եթե դրան գումարվում է նաև յոդի դեֆիցիտը, ապա մաշկն աստիճանաբար հաստանում է, դառնում ավելի կոպիտ և առաջանում են ճաքեր։ Նման վիճակը կարող է լինել այնպիսի հիվանդության ախտանշան, ինչպիսին է հիպերկերատոզը։
Ի դեպ, բավական վտանգավոր է ինքնուրույն յոդի հավելումներ ընդունելը, քանի որ նման նշանակումներ կարող է անել միայն համապատասխան մասնագետը՝ ներզատաբանը։
Օգտագործեք յոդացված աղ եփված սնունդը համեմելու համար, քանի որ եռացող ջրում այդպիսի աղը չեզոքացվում է։
Սննդակարգում միշտ պետք է առկա լինեն լամինարիա, կաղամար և այլ ծովամթերք։