ԱՐՅՈՒՆԸ ՄԱՔՐԵՔ ՍԵՎ ԹԱՆԹՐՎԵՆՈՒ- ԽՆԴԵՂՆԻԻ-ՔԱԼԱՆԹԱՇԻ ԾԱՌԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Թանթրվենի սեւը ( бузина, Sambucus nigra), այծատերեւազգիների ընտանիքի բույս է։ Միջնադարում պտուղը եւ կանաչ ծիլերը կիրառել են որպես վերքամոքիչ, լուծողական, որդաթափ միջոց։
Ծաղկաթերթերն օգտագործվել են որպես համեմունք սնունդի, կոմպոտների, գինու, զովացուցիչ ըմպելիքների մեջ։ Բարձր է գնահատվել պտուղների ալ կարմիր հյութը, որով ներկել են մանվածքը եւ մազերը։ Մեր ժամանակներում բույսը պահպանում է իր տնտեսական նշանակությունը։ 
Հայերենում բույսն ունի այլ անվանումներ.- Կտտկենի. Հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ վաղ աշնանը հասունացող պտուղը պահպանվում է թփի վրա մինչեւ գարուն եւ առատորեն կտտկվում թռչունների կողմից։ 
Շամբուկ. ենթադրաբար ծագում է շամբ = «թփուտածածկ ճահիճ» բառից, բույսը աճում է խոնավ, հատկապես հաճարենու անտառներում, թփուտներում, կիրճերում, խոնավ վայրերում, թեեւ կա կարծիք, որ անվանումն առաջացել է հունարեն «sambux»=«կարմիր» բառից։ Նաեւ խնդեղ, քալանթաշի ծառ, այլ
ՀՀ սահմաններում եւ միայն մեր հայրենիքի բնական պայմաններում աճում է նաեւ թանթրվենի Տիգրանի ենթատեսակը։ Տարածված է Արզնիում, Արայի լեռան վրա, Նիգ-Ապարանում, Վայքում,Կոտայքում, աճում է քարքարոտ վայրերում, թփուտներում։
Թանթրվենին 2-6 մ բարձրությամբ տերեւաթափ թուփ է կամ ծառ։ Մոխրավուն ճյուղերը ծածկված են ոսպնյակներով։ Տերեւը բաղկացած է մեկից չորս զույգ եւ մեկ գագաթային տերեւներից։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, դեղնաճերմակ, հավաքված վահանաձեւ ծաղկաբույլերի մեջ։ Մեղրատու է,ծաղկափոշու մատակարար, ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին։ Պտուղը մանուշակագույն գնդիկ է, ունի մի քանի կորիզներ։ Փայտանյութը թեթեւ է, ամուր, բաց դեղնավուն, պատրաստում են մանր կենցաղային իրեր, շվի, նաեւ պարսկական «սամբուկ» կոչվող եռալար նվագարան։ Բույսն գեղեցիկ է` նախշազարդ տերեւներով, բազմերանգ ծաղիկների գրավիչ բուրմունքով, գեղեցիկ պտղաբույլերով։
Բույսի բոլոր մասերը հագեցած են օգտակար նյութերով.
արմատը պարունակում է սապոնին, դառնանյութ, դաբաղանյութ
կեղեւը` ուրսոլաթթվի եթեր, բետուլին, սպիրտներ, քոլին, եթերային յուղ, պեկտին, դաբաղանյութ, կալցիումի օքսալատի բյուրեղիկներ
տերեւը` լուծողական հատկություն ունեցող նյութեր, խեժ, կարոտին եւ մինչեւ 280 մգ ասկորբինաթթու` 100 գ հումքի մեջ, չոր տերեւներում կա 110 մգ գլիկոզիդ սամբունիգրին,
ծաղիկները` սամբունիգրին, 3% եթերային յուղ, քոլին, ռուտին, կարոտին, ասկորբինաթթու, խեժ, լորձ, դաբաղանյութ, տերպեններ,օրգանական թթուներ,ալկալոիդ սանգվինարին,այլ:
պտուղը` անտոցիաններ, մինչեւ 0-50 մգ ասկորբինաթթու, կարոտին, ռուտին, սամբուցին, քրիզանթեմին, դաբաղանյութ, տիրոզին ամինաթթու, 5% շաքարներ, եթերային յուղի հետք, պեկտին, կալիումական աղեր, ռետինոլ,այլ վիտամիններ։
Զգուշացում. չհասունացած պտուղը դառն է, գլիկոզիդ սամբունիգրինն ավելի շատ է բնության մեջ աճող բույսի պտուղներում։ Տրոհվելիս առաջանում են բենզալդեհիդ, գլյուկոզա, ցիանի թթու։ Հասունացած պտուղը անվնաս է։ 
Տարեց բույսի վրա աճում է «Հուդայի ականջ» կոչվող սունկը (Hirneola auricular-judae), որն ուտում են ճապոնացիները եւ չինացիները։ Ուռենու մոտակայքում գտնվող թանթրվենու վրա աճում է ճագոմի թուփը, որի խոտը կիրառվում է ընկնավորության բուժման համար։
* Բազմանում է սերմերով, կանաչ եւ փայտացած շիվերով։
Ծաղիկները հավաքում են ծաղկման շրջանում, մեկ-երկու օրից առանձնացնում են ծաղկակիրից, չորացնում են օդափոխվող տարածքում, պահում չոր տեղում։
Հումքն ունի հաճելի քաղցր համ։ Թարմ ծաղիկներից անգլիացիները պատրաստում են ավանդական Elderflower cordial կոչվող ըմպելիքը։
Պտուղը մթերում են օգոստոս-սեպտեմբերին, թփից կտրված ողկույզները մի քանի օր թողնում են արեւի տակ, հետո չորացնում 60-65 C ջերմաստիճանի տակ, ձեռքով հատիկ առ հատիկ հավաքված եւ արեւի տակ վերջնական հասունացած պտուղներից Շվեյցարիայում պատրաստում են բրենդային հյութ (Biotta AG ֆիրմա)։
Չոր պտուղն ունի թույլ բուրմունք, քաղցրաթթվաշ համ։ 
Կեղեւը մթերում են երկու տարեկան ճյուղերից` գարնանը, երբ չի սկսել շարժվել հյութը, հեռացնում են մակերեսային գորշավուն շերտը, չորացնում են մինչեւ 70 C ջերմաստիճանում։ 
Արմատը մթերում են աշնան վերջում, չորացնելուց հետո փոշիացնում եւ պահում են այդ վիճակում։ Հումքն արագ է կլանում խոնավությունը, պահպանման ժամկետը` չոր, օդափոխվող տարածքում` պտուղների համար 6 ամիս է, ծաղիկների` 2 տարի, իսկ փոշիացրած կեղեւի` 3։
Պտղի կորիզներից ստանում են յուղ, որը օգտակար է թրջոցի ձեւով` հոդատապի, մրսածության դեպքում։
Թանթրվենու ծաղիկների թեյն ունի քրտնամուղ, հակամանրէ հատկություն, բարձրացնում է դիմադրողականությունը, օգտակար է ռեւմատիզմի եւ հոդատապի դեմ։ Ծաղիկները լայնորեն կիրառում են բուժիչ դեղաբույսերի փնջերում։

Կեղեւը ունի լուծողական հատկություն, կիրառվում է երիկամաբորբի, այտուցի դեպքում։
Պտուղների օշարակը մաքրում է օրգանիզմը թույներից, բարձրացնում դիմադրողականությունը, կիրառում են` որպես կանխարգելիչ օժանդակ միջոց՝ որոշ բարորակ եւ չարորակ ուռուցքների բուժման ընթացքում։
Բաղադրատոմսեր
*
Շագանակագեղձի բորբոքման դեպքում թանթրվենու 2 ճ.գդ. ծաղիկը 10 օր մութ տեղում թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք, քամեք։ Խմեք 30-40-ական կաթիլ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ` տաք ջրով։
*
Հոդատապի դեպքում հավասար քանակությամբ իրար խառնեք երիցուկի, լորենու, թանթրվենու ծաղիկներ, սրոհունդի խոտ։ Հումքի 20 գրամը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` փակ կաթսայի մեջ` 300 մլ եռացրած ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ 
Հումքի 2 ճ. գդ. 1.5 ժամ թրմեք ջերմապահում, 500 մլ եռացրած ջրով, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ (մինչեւ ժամը 16-ը) ուտելուց 30-40 րոպե առաջ։ Միաժամանակ թուրմը խմելուց 10 րոպե անց կերեք 1թ. գդ. մեղվահաց։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 5 օր, կրկնեք։ 
*
Կոնյուկտիվիդի դեպքում իրար խառնեք կեսական ճ. գդ. տերեփուկի եւ թանթրվենու ծաղիկներ, 1 ժամ թրմեք 200 մլ եռացրած ջրում` փակ տարայում, քամեք, զտեք։ Լվացեք աչքերը օրը 2 անգամ։
*
Շաքարային դիաբետի դեպքում իրար խառնեք հապալասի եւ եղինջի տերեւներ, թանթրվենու ծաղիկ (2։1։1)։ Հումքի 1 ճ. գդ. եփեք 200 մլ եռացրած ջրում։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ`ուտելուց առաջ։
Մեկ ճ. գդ. չոր պտուղը 3 րոպե թրմեք 200 մլ եռացրած ջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց հետո։
*
Հոդացավի դեպքում իրար խառնեք կեսական ճ. գդ. թանթրվենու ծաղիկ, եղինջի տերեւ, մաղադանոսի արմատ, ուռենու ճյուղի կեղեւ։ 1 ժամ թրմեք 400 մլ եռացրած ջրում ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ՝ օրը 2 անգամ։
*
Անգինայի, ստոմատիտի դեպքում իրար խառնեք 1-ական ճ. գդ. թանթրվենու եւ փիփերթի ծաղիկներ, եղեսպակի տերեւ։ 30 րոպե թրմեք 300 մլ եռացրած ջրում, քամեք։ Կատարեք ողողումներ։ 
*
Գրիպի, բրոնխիտի դեպքում իրար խառնեք 1-ական ճ. գդ. եղեսպակի, դաղձի տերեւ, թանթրվենու ծաղիկ, եփեք 5-10 րոպե 250 մլ ջրում, քամեք։ Խմեք քնելուց առաջ, տաք վիճակում։
*
Ատամի ցավի, պարոդոնտոզի դեպքում իրար խառնեք 1-ական ճ. գդ. գետնամորու տերեւ, սրոհունդի խոտ, թանթրվենու ծաղիկ, 40 րոպե թրմեք 400 մլ եռացրած ջրում։ Կատարեք ողողումներ։ 
*
Ձայնի խռպոտությոան դեպքում իրար խառնեք մանր կտրատած սխտորի 2 ատամիկ, 2 ճ. գդ. թանթրվենու ծաղիկ, 15 րոպե թրմեք 400 մլ եռացրած ջրում, լուծեք 3 ճ. գդ. մեղր,15 րոպեից քամեք։ Խմեք 20-ական մլ 2 ժամը մեկ` 100 մլ գոլ ջրով։ Շարունակեք 3 օր։
*
Փորկապության դեպքում 10 գրամ չոր պտուղը 2 ժամ թրմեք 200 մլ եռացրած-սառեցրած ջրում։ Խմեք 100 մլ` օրը 1-2 անգամ։ 
*
Արյունը մաքրող միջոց. 1 ճ. գդ. չոր ծաղիկները 1 ժամ թրմեք 500 մլ եռացրած ջրում, քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 3անգամ, ուտելուց առաջ` 0.5 թ. գդ. մեղրով։
*
Երիկամաբորբի, այտուցի դեպքում թանթրվենու 8 գ թարմ կեղեւը կամ 5 գ չոր կեղեւի փոշին 5 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռացրած ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։
*
Հոդացավի, նեւրալգիայի դեպքում իրար խառնեք երիցուկի եւ թանթրվենու ծաղիկներ (1։1), լցրեք պարկիկի մեջ, դրեք ցավոտ տեղին։ 
*
Ալերգիայի, թարախային պզուկների, պսորիազի դեպքում 2 թ. գդ. ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռացրած ջրում։ Խմեք 2-ական ճ. գդ.` օրը 5-6 անգամ։
*
Պիգմենտային բծերի, պեպենների դեպքում քառատակ ծալած թանզիֆը թրջեք ծաղկի գոլ թուրմի մեջ (1։10) դրեք բծերի վրա։ Կրկնեք 5 անգամ` 5 րոպե ընդմիջումներով։ Շարունակեք, մինչեւ ստանաք դրական արդյունք, կրկնեք շաբաթական 1-2 անգամ։
Սպիտակեցնող լոսյոն. 20 գ թարմ ծաղիկները 2 ժամ թրմեք 200 մլ եռացրած ջրում, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Ավելացրեք 200 մլ օղի։ Թրմեք 1 շաբաթ, քամեք թանզիֆով։ Պահեք մութ տեղում։ Օգտագործեք քնելուց առաջ։
*
Բարձր քրտնարտադրության դեպքում լոգանքի ջրին ավելացրեք ծաղիկների թուրմ կամ տերեւի կաթնային եփուկը։ 
*
Այրվածքի, չիբանի դեպքում 2-3 ճ. գդ. տերեւը եփեք 100-150 մլ կաթով։ Դրեք թանզիֆե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ տեղին: