ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԾՈՎԱԲՈՂԿԻ ՄԱՆՐԷԱՍՊԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄ Է ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ

Կծվիչը-ժախուկը-хрен-ը բազմամյա խոտաբույս է, պատկանում է կաղամբազգիների ընտանիքին: Կծվիչն ունի երկար, բազմագլխանի, մսոտ, սպիտակ արմատ: Ցողունն ունի 1 մ բարձրություն, հարթ է, վերևի մասում` ճյուղավորված: Արմատամերձ տերևները խոշոր են, երկարակոթուն, նշտարաձև, ալիքավոր եզրերով: Ծաղկաբույլը հավաքածու ողկույզ է: Ծաղիկները մանր են, սպիտակ, պտուղը` կլորավուն: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Արմատը հանում են աշնանն ու ձմռանը և պահում ավազի մեջ:
Քիմիական բաղադրությունը. կծվիչի արմատը պարունակում է թիոգլիկոզիդ, որի տրոհումից անջատվում է եթերային յուղ: Պարունակում է նաև շաքար, օսլա և զանազան խեժանյութեր: Օգտագործման եղանակը. բժշկության մեջ օգտագործել են բույսի արմատը:
Օգտագործվել է մսեղենը և ձկնեղենը համեմելու համար, իսկ ավելի ուշ` օգտագործել են նաև որպես դեղաբույս: Հնդկաստանում ծովաբողկը դեռևս շատ հնուց օգտագործել են որպես օրգանիզմի ուժերը խթանող, միզամուղ և գոտկացավերի դեպքում` որպես փարատող միջոց: Դեղաբույսի մասին 1785 թ. ուշագրավ տվյալներ է տալիս ռուս խոշոր կլինիցիստ Ն. Մ. Ամբոդիկ-Մաքսիմովիչը: Նա նշում է, որ բույսը թարմ վիճակում ունի ախորժակը գրգռող հատկություն, միզամուղ է, արյան շրջանառությունը կարգավորող, «արյունը մաքրող»:
Բույսի արմատը և նրա թարմ հյութը առաջարկել է որպես «գերազանց օգտակար» միջոց լնդախտի, ջրգողության, քարային հիվանդության, հազի և դաշտանի հապաղման ժամանակ: Որպեսզի չգրգռի ստամոքսը` արմատը ընդունելիս, նա առաջարկում է այն կուլ տալ դեղահատերի նման մանրացրած ձևով` վրայից ըմպելով գիհու պտուղների թուրմ կամ խաղողի հյութ կամ էլ` շաքարաջուր: Ցրտառական հիվանդությունների դեպքում առաջարկում են արմատախույսը քսել նրբաններին` մանանեխի ծեփուկների սկզբունքով:
Արմատի շփոթը` որպես վարատող և գրգռիչ միջոց, իր ազդեցությամբ չի զիջում մանանեխին և կիրառվում է քսման ձևով ռադիկուլիտների, գոտկացավերի, տարբեր տեսակի մկանացավերի դեպքերում և այլն: Հակալնդախտային հատկությամբ օժտված են նաև տերևները:
Արմատի թարմ հյութը և ջրաթուրմը դրական արդյունք են տալիս հեպատիտների, թերսեկրետոր գաստրիտների, պոդագրայի, ռևմատիզմի, վերին շնչուղիների կատառի, ցիստիտների, լվացման ձևով` թարախավերքերի, ողողման ձևով` ստոմատիտների, ատամնացավի և անգինայի, ներլվացման ձևով` տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ: Գիտականորեն հաստատված է ծովաբողկի մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ազդեցությունները:
Ջրիկ մզվածքը իջեցնում է արյան ճնշումը, բուժում սնկային հիվանդությունները:
Դեղաբույսը հակացուցված է սուր գաստրիտների, նեֆրիտների և էնտերոկոլիտների ժամանակ:
Հայկական բժշկության մեջ ժախուկն օգտագործել են շնչառական ուղիների բորբոքումների, ախորժակի վատացման, միզակապության, հոդատապի և հոդացավերի բուժման համար
*Տասը գ կծվիչի արմատն աղալ, վրան ավելացնել 200 մլ եռացրած ջուր, թողնել 2 ժամ, քամել և օրը 3 անգամ 70-ական գ խմել հոդացավերի, հոդատապի և վերը նշված հիվանդությունների բուժման համար: