ՂԱՆՁԼԱՄԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅԱՆ, ՄՏԱԳԱՐՈՒԹՅԱՆ , ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ, ԴԵՂՆԱԽՏԻ, ՄԻԶԱՊԱՐԿԻ ԽՈՑԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ղանձլամերը-սեւ վրաց կոճը (морозник пахучий) բազմամյա թուփ է, պատկանում է գորտնուկազգիների ընտանիքին: Արմատի մոտ եղած տերևները ձմռանը չեն մեռնում: Ծաղկի բաժակը կազմված է հինգ թիակաձև թերթերից, դեղնականաչավուն տերևիկներից, որոնք պահպանվում են մինչև պտղի հասունանալը: Յուրաքանչյուր պտուղ պարունակում է բազմաթիվ սերմեր և բացվում է մեկ կարից: Ծաղկում է վաղ գարնանը:
Քիմիական բադադրությունը. պարունակում է գլիկոզիդներ, վիտամիններ և մեծ քանակի ալկալոիդներ:
Օգտագործման եղանակը. բժշկության մեջ օգտագործել են ղանձլամերի արմատը, պտուղը և տերևները:
-Բուլղարական բժշկության մեջ ղանձլամերն օգտագործել են թութքի, պալարախտի, լանջաթաղանթի (պլևրիտ) բորբոքումների, թարախակալված վերքերի բուժման համար:
-Հայկական բժշկության մեջ ղանձլամերն օգտագործել են լուսնոտության, մելամաղձոտության, մտագարության (շիզոֆրենիայի), ուղեղի թաղանթախտի, ամորձիների ուռուցքների, սրտխփոցի, հազի, արյունախխման, մեջքի և կրծքավանդակի ցավերի, մաշկի բծերի, միզաքարային հիվանդության, միզակապության, ականջացավի, գլխի խոցերի, թոքաբորբերի, պալարախտի, կրծքահեղձուկի, լյարդի և հոդերի բորբոքային հիվանդությունների բուժման համար.
* Ղանձլամերի 200 գ արմատի մզվածքին ավելացնել 50 գ մեղր, լավ խառնել և օրը 1-ական ճաշի գդալ խմել` լուսնոտության, մելամաղձոտության, մտագարության, ուղեղային թաղանթախտի, սրտխփոցի բուժման համար: Այս նույն պատրաստուկը կարելի է օգտագործել քսելու ձևով` ամորձիների ուռուցքները բուժելու համար, նաև օրը 2 անգամ 3-ական կաթիլ կաթեցնել ականջները` ականջի բորբոքումները բուժելու համար:
*Ղանձլամերի հասած պտուղն օրը 3 անգամ 100-ական գ ուտել` արյունախխման և թոքային խողովակախտի բուժման համար:
* Ղանձլամերի 250 գ մզվածքի վրա ավելացնել 3 լ խաղողի հյութ և այնքան եռացնել, մինչև մնա 1լ: Քամել և ստացված զանգվածը քսել ականջին, գլխի թաց խոցերին և թարախակալված վերքերին` դրանք վերացնելու համար:
Այդ նույն պատրաստուկից կարելի է օրը 3 անգամ 1-ական ճ. գդ. խմել` երկրորդ և երրորդ աստիճանի սրտային անբավարարության, հևոցի և կրծքահեղձուկի, պալարախտի, թոքաբորբերի, թոքային հյուսվածքի խոցերի բուժման համար:
*Ղանձլամերի պտուղը քամել և մզվածքից օրը 3 անգամ 1-ական ճ. գդ. խմել` միզապարկի հիվանդությունների, միզապարկի խոցերի և բորբոքումների, արյունային լուծի բուժման համար:
*Երկու կգ ղանձլամերի վրա ավելացնել 40 լ եռացրած ջուր, թողնել հովանա, որից հետո 10-15 րոպե ընդունել լոգանք` ընդհանուր թուլության, լյարդի, արգանդի և հոդերի բորբոքային հիվանդություններից բուժվելու համար:
*Ղանձլամերի արմատը գինու քացախով եփել, քամել և քսել գլխին ու մարմնին` սպիտակ բծերի, խալերի, մաշկային ցաների, գլխացավի և գրիպի բուժման համար:
*Ղանձլամերի 200 գ պտուղը և տերևները միասին աղալ, վրան ավելացնել 1 լ գինի, 12 ժամ թրմել մթության մեջ, որից հետո քամել և օրը 3 անգամ 1-ական ճ. գդ. խմել` միզակապության, դեղնախտի, միզապարկի խոցերի գլխացավի, միզաքարային հիվանդության, անդամալուծության և լուսնոտության բուժման համար:
Այս նույն պատրաստուկից կարելի է թրջոցներ դնել գոտկային շրջանի ցավերի վերացման համար:
Ըստ Ամիրդովլաթի՝ ղանձլամերի հակաթույներն են` նունուֆարը, ծիթերենը և գազի խեժը, իսկ փոխարինողները` հինայի տերևը կամ ագարիկում սունկը:
Հարկ է նշել, որ սիրտանոթային հիվանդությունները, նյարդային խանգարումները, լյարդի հիվանդությունները և ցածր իմունիտետը կարելի է կարգավորել ղանզլամերի օգնությամբ, քանի որ ղանձլամերը միայն օժանդակում է բուժման հիմնական ընթացքը: Մեր նախնիներն այն օգտագործել են կանոնավոր կերպով և դրանից առողջության էլիքսիր պատրաստել, ներկայիս իրականության մեջ մենք օգտագործում ենք ղանձլամերը՝ բուժման գործընթացը արագացնելու և դեղագործական արտադրանքի ազդեցությունը բարձրացնելու համար:
Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը։ Արյան շրջանառության խանգարումների դեպքում նրա բաղադրության մաս կազմող գլիկոզիդները կարգավորիչ ազդեցություն ունեն։ Հնում այս խոտաբույսերի թուրմերն և լուծույթներն օգտագործել են կաթվածների և անոթային խնդիրների կանխարգելման համար:
Բժշկական տեսանկյունից այլ օգտակար հատկությունները ներառում են. մարսողական համակարգի խանգարումների և ստամոքսի խոցի բուժում, սթրեսի և գլխացավի մակարդակի նվազեցում, իմունիտետի բարձրացում, նյութափոխանակության նորմալացում, սիրտանոթային խնդիրների դեմ պայքար, միզամուղ և լուծողական ազդեցություն, որոնք ազդում են օրգանիզմի մաքրման վրա տոքսիններից և մակաբույծներից, արյան շաքարի և խոլեսթերինի մակարդակի իջեցում, մրսածության և վիրուսային հիվանդությունների կանխարգելում: