ԿԱՂԱՄԱԽՈՒ ԿԵՂԵՎՆ ՈՒՆԻ ՀԱԿԱՃԻՃՎԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ, ԿԱՆԽՈՒՄ Է ԳԻՇԵՐԱՄԻԶՈՒԹՅՈՒՆԸ
Կաղամախու (դողդոջուն բարդի) կեղևը հարուստ է սալիցինով, ինչը նրան օժտում է հակաբորբոքային, ցավազրկող, ջերմիջեցնող և հակամանրէային հատկություններով։ Այն արդյունավետ է միզապարկի բորբոքման, գիշերամիզության, հոդացավերի, դիզենտերիայի և մաշկային վերքերի բուժման համար, ինչպես նաև օգտագործվում է որպես մակաբույծների դեմ միջոց:
Դողդոջուն բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն
Կաղամախու կեղևի հիմնական օգտակար հատկությունները. ունի հակաբորբոքային և ցավազրկող հատկություններ:
*Պարունակում է սալիցին (բնական ասպիրին), որը նվազեցնում է բորբոքումները և թեթևացնում հոդացավերը։
*Օգտագործում են միզասեռական համակարգի բուժման ժամանակ: *Օգտագործում են երիկամների և միզապարկի բորբոքումների, գիշերամիզության դեպքում (եփուկի ձևով)։
*Մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում օգնում է դիզենտերիայի և ստամոքսաղիքային խանգարումների դեպքում։
*Մաշկային խնդիրների դեպքում կեղևի փոշին կամ եփուկը կիրառում են այրվածքների, վերքերի, խոցերի բուժման և գորտնուկները վերացնելու դեպքում:
*Հակամակաբուծային է. ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես հակաճիճվային միջոց։
Օգտագործման եղանակներ.
Եփուկ. 1 ճ. գդ. չոր, մանրացրած կեղևը 30 րոպե եփել 200 մլ ջրում, թրմել, քամել և խմել սնվելուց առաջ (օրը 3 անգամ)։
Ոգեթուրմ. 10%-անոց ոգեթուրմ՝ պատրաստված օղիով, բողբոջներից կամ կեղևից, օգտագործում են բորբոքումների դեպքում։
Դեղատոմսեր
Նոր սկսվող շաքարային դիաբետի դեպքում 1 ճ. գդ. չոր մանրացրած կեղեւը, մարմանդ կրակի վրա, 30 րոպե եփել 400 մլ ջրի մեջ, տարան փակել տաք լաթով, թրմել 3 ժամ։ Քամել, խմել 40-50 մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակել 3 ամիս, փոքր (1-2 օր) ընդմիջումներով։
*Օգտակար է նաեւ ստամոքսաբորբի, մարսողության խանգարման, լուծի դեպքում։
*Հոդատապի դեպքում 1 թ. գդ. չոր բողբոջը եփել 15 րոպե 200 մլ ջրում (ջրային բաղնիք), թրմել 45 րոպե։ Քամել թանզիֆով։ Նախնական ծավալը վերականգնել եռացրած ջրով։ Խմել մեկական ճ. գդ. օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Օգտակար է, որ դնեք նաեւ թրջոց ցավոտ հոդերին։
*Երիկամների, միզապարկի բորբոքման դեպքում թարմ կեղեւից 1 ճ. գդ. մարմանդ կրակի վրա 15 րոպե եփել 200 մլ ջրում։ Քամել, խմել 2-ական ճ. գդ., օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակել 2 շաբաթ։
*Միզապարկի լորձաթաղանթի բորբոքման դեպքում պատրաստեք չոր բողբոջով 10 տոկոսանոց ոգեթուրմ, 5 օր թրմեք օղու մեջ։ *Քամեք։ Խմեք 15-ական կաթիլ օրը 3 անգամ։
*Քսան գրամ չոր բողբոջը, կեղեւը, տերեւը առանձին կամ ցանկացած մասնաբաժնով իրար խառնած 10 րոպե եռացրեք, փաթաթեք տաք լաթով, 30 րոպե թրմեք։ Քամեք։ Խմեք երկուական ճ. գդ. օրը 3 անգամ։
Կամ` չորացրած, մանրացրած 1 ճ. գդ. կեղեւը 30 րոպե եռացրեք 200 մլ ջրում, թրմեք մոտ 45 րոպե։ Քամեք, եռացրած ջրով վերականգնեք նախնական ծավալը։ Խմեք մեկական ճ. գդ, օրը 3 անգամ սնվելուց առաջ։
*Կեղեւի եփուկն օգնում է նաեւ գիշերամիզության դեպքում։
*Կոնքազդրային հոդերի ցավի, շարժողական ֆունկցիայի խանգարման դեպքում թարմ տերեւները լավ տրորեք, ամրացրեք ցավոտ հատվածին։
Դիզենտերիայի դեպքում 1 ճ. գդ. չոր, մանրացրած կեղեւը 30 րոպե եռացրեք 400 մլ ջրում, քամեք տաք վիճակում (60-70 աստիճան), մզեք։ Խմեք երկուական ճ. գդ. օրը 3-4 անգամ մեղրաջրի հետ (40-50 մլ) սնվելու ընթացքում։
Այրվածքի, վերքի, խոցի դեպքում փոշիացրեք կաղամախու չոր բողբոջը, խառնեք կարագի հետ (1։2) եւ քսեք վնասված հատվածի վրա:
*Գորտնուկի դեպքում աղացեք տերեւը, մզեք հյութը, օրը մի քանի անգամ քսեք գորտունկի վրա, մինչեւ դրա ամբողջական վերանալը։ *Օգտակար է նաեւ հասարակ հերպեսի դեպքում։
Հիշեք, որ նախքան կաղամախու կեղևի օգտագործումը խորհուրդ է տրվում դիմել բժշկի, հատկապես՝ ալերգիաների կամ դեղորայքային բուժում ստանալու դեպքում:

